Մի մարդ իր անունը դրել էր Անց Քառասունմեկ:
Հարցրին՝ ինչու՞։
Պատասխանեց․
-Գյումրվա հրապարակի ժամացույցը նկատի ունեմ՝ մեծ, հզոր երկրաշարժի պահին։ Սլաքները կանգ էին առել 11 անց քառասունմեկի վրա։
Հայտնության Գիրքը և վերջերս հայտնի դարձած Աստվածամոր ուղերձը խոսում են չապաշխարող մարդկության պատժի մասին՝ Մեծ երկրաշարժերով․ «Եվ ընկան ազգերի քաղաքները» ասում է Հայտնության գիրքը։ Իսկ Աստվածամոր ուղերձում Սրբուհին հայտնում է․
«Աղետի այդ օրը մեծ երկրաշարժը ցնցելու է ողջ երկրագունդը՝ ութ ժամ շարունակ, բոլոր չար ոգիները ազատ են արձակվելու նրանց վրա, ովքեր չընդունեցին Քրիստոսին, չընդունեցին դարձի գալ, ապաշխարել ու ապրել։ Եվ երկնքում պիտի հայտնվեի մեծ խորհրդանշան Փրկագնող Խաչը, որով Քրիստոս վճարեց Իրեն հավատացողներին, լսող մարդկանց»։
Եվ այլ օգտակար խորհուրդներ էլ է հայտնում Տիրամայրն իր որդեգիրներին՝ նրանց այդ օրերի պահվածքի, հավատարիմ քրիստոնյաներ լինելու համար։
Հիսուս Աստծո պատժող աղետների մասին հիշեցնելիս՝ ասում է․ «Կարծում եք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացինե՞րը:
Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք:
Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապարտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդի՞կ:
Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղուկաս, 13):
Երբ սկսում ենք ապաշխարել, այդժամ Աստված շնորհներ է պարգևում, որոնք գործադրել-շահարկելով՝ անձանձրալի և պտղատու, լծի քաղցրությամբ և թեթև բեռով ապաշխարություն ունենանք:
Մաղթենք մենք մեզ և Հայոց աշխարհին՝ Աստվածահաճո ապաշխարություն, և թող մեր աղոթքները լսելի լինեն:
Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Կրոնի տեսաբան